Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր

Արցախի Պետական Համալսարան 13/10/2014

Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր

 

 

Հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հռչակագիր։ Հռչակագիրը ստորագրել են ԼՂՀ-ում՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը և Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր Ռիկ Տորֆսը։ Ստեփանակերտում Լյուվենի կաթոլիկ համալսարանը ներկայացնում էր համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ Բեռնար Կուլին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորի քաղաքական խորհրդական, միջազգային իրավունքի ու եվրոպական հետազոտությունների դոկտոր Յանիս Խարալամպիդիսը և Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ «Մեր համալսարանի միջազգային գործակցության պատմությունը հարստանում է ևս մեկ էջով. դա Արցախի և Բելգիայի համալսարանների միջև հռչակագրի ստորագրումն է, որը նոր խթան կհանդիսանա համալսարանի գիտա-կրթական զարգացմանը: Այսօր մենք ունենք երկու տասնյակից ավելի միջազգային պայմանագրեր, բայց սա եվրոպական համալսարանի հետ առաջին պայմանագիրն է, որը հնարավորություն կտա ընդլայնվելու և գործունեություն ծավալելու նաև այդ տարածաշրջանում», - նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Բ.Կուլին իր հերթին ընդգծել է, որ Լյուվենի համալսարանը աշխարհի ամենահին համալսարաններից է և եզակիներից, որտեղ գործում է 200 տարվա պատմություն ունեցող հայագիտության ամբիոն։ «Համոզված եմ, որ կկարողանանք համագործակցություն հաստատել ամենատարբեր բնագավառներում: Հռչակագիրը հնարավորություն է, որպեսզի Արցախը և Արցախի համալսարանը ճանաչելի դառնան Եվրոպայում: Այն, որ Արցախում կա այսպիսի համալսարան, արդեն իսկ խոսում է այն մասին, որ տեղի իշխանությունները կարևորում են կրթությունը»: Էլենի Թեոխարուսը և Յանիս Խարալամպիդիսը ընդգծել են, որ ԼՂՀ-ն մեկուսացումից դուրս բերելու լավագույն տարբերակը կրթությունն է: Հանդիպման ավարտին Յանիս Խարալամպիդիսին և Բերնար Կուլիին շնորհվել են Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ՝ գիտության և կրթության ոլորտում ակնառու նվաճումների, Արցախի պետական համալսարանի և Լյուվենի կաթոլիկ համալսարանի  միջև գիտական կապերի հաստատման համար: