Հայեր. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը

l’Histoire n°408

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ ֆրանսիական հեղինակավոր «l’Histoire» ամսագրի փետրվարյան համարը լույս է տեսել «Հայեր. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագիրը կրող 50-էջանոց ծավալուն հոդվածաշարով: Ամսագրի էջերում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտողների և պատմաբանների հեղինակած հոդվածներ, որոնք ուղեկցված են ինֆոգրաֆիկայով և փաստավավերագրական կադրերով:

Ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Հարություն Գևորգյանի «Մի բնաջնջման սցենար» ծավալուն հոդվածը ներկայացնում է հայերի հանդեպ գործած ոճրագործության սցենարը` փաստական վերլուծության ենթարկելով մտահղացման, ծրագրման, հրամանի, դրա իրականացման փուլերը, արդյունքները, ինչպես նաև հայերի ջարդերի և տարհանման քարտեզը: Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի տնօրեն Ֆրանսուա Ժորժոնի հետ հարցազրույցում «l’Histoire»-ն անդրադառնում է նախքան Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հայ համայնքին և դրա դերին: Իսկ հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի հետ հարցազրույցը նվիրված է 20-րդ դարի կեսերից սկսած` սերունդներ անց Հայոց ցեղասպանության հիշատակի զարթոնքին: Հոդվածաշարը պարունակում է այլ հոդվածներ նվիրված աշխարհասփյուռ հայության ներկայից պատկերին, Ժան Ժորեսի գլխավորությամբ Ֆրանսիայի հայասերների շարժմանը, ինչպես նաև վերջին տարիներին Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնող թուրք մտավորականներին` ներառելով նաև Թաներ Աքչամի «Ինչու՞ Թուրքիան չի բացում արխիվները» հոդվածը: