Հռոմի Ֆրանցիկոս պապը Օսմանյան կայսրության տարածքում թուրքերի կողմից հայերի սպանությունների դեպքերը որակել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված պատարագ Վատիկանում, Գրիգոր Նարեկացին` Տիեզերական եկեղեցու վարդապետ

«Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-­րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ` երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն են: Թվում է, թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն սփռելուց, թվում է, թե մարդկային տանիքը մերժում է սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին` մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է: Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»,­նշել է Հռոմի Ֆրանցիկոս պապը: Պապը ողջունել է իր եղբայր պատրիարք եպիսկոպոսներին` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX- ին: «Ողջունում եմ այն համոզմունքով, որ չարիքը չի գալիս բարի Աստծուց, այլ արդյունքն է մարդկային դաժանության: Երբեք դաժանությունը չպետք է արդարացվի Աստծու անունով: Մեր աչքերը հառենք բարձրյալին, ով հաղթել է չարիքին և մահվան»,­իր խոսքը եզրափակել է Հռոմի պապը: Պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Սրբադասման դատավորությունների կարդինալ Անջելո Ամատոն իր խոսքում նշել է, որ Գրիգոր Նարեկացուն իր կյանքով և վարդապետությամբ քարոզել է գեղեցկության վարդապետությունը և նրա խոսքի գեղեցկությունը և վարդապետությունը գնահատել է ժողովուրդը: «100 տարի առաջ Արևելյան եկեղեցու հայրապետներից մեկը՝ սբ Եփրեմ Ասորին, հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այժմ խնդրում ենք, որ Արեւելյան եկեղեցու հայրապետներին տիեզերական եկեղեցու վարդապետ հայտարարել Գրիգոր Նարեկացուն: Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և ժողովրդի, և խորիմաստ աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր աշխատության` Մատյան Ողբերգության հետ, որը հայ ժողովուրդն անվանում է Նարեկ և այն հայ ժողովրդի մեջ նրա ամենատարածված գրությունն է: Նրա միտքը և խոսքը համեմատելի են Հովհաննես Ոսկեբերանի և Գրիգոր Լուսավորչի հետ: Ահա այս պատճառներից ելնելով՝ բազմաթիվ եպիսկոպոսներ դիմել են Հռոմի պապին, որ նա հռչակվի Տիեզերական եկեղեցու վարդապետ: Բոլոր աստվածաբանները սրբերի սրբադասման դատավարության ժողովին տվել են իրենց դրական կարծիքը եւ ստորագրել այն հռչակագրի տակ, որ Գրիգոր Նարեկացին ստանա այդ պատվաբեր տիտղոսը: Բոլոր կարդինալների կողմից ևս տրվել է այդ համաձայնությունը»,­ շեշտել է նա: