CNN-ը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին (տեսանյութ)

Սկզբնաղբյուրը:http://www.tert.am 13:44 • 20.12.14

Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին ` ներկայացնելով On The Road. Armenia խորագրով ռեպորտաժը: Հեղինակը նշում է, որ «իրենք ուղևորվում են հնագույն մի երկիր, որը շատերն են հայրենիք անվանում, սակայն քչերը` տուն»: «Հնամենի այս երկիրն անցել է ժամանակի քննությունը` առ այսօր զարմացնելով աշխարհին իր գանձերով: Ցամաքով շրջափակված ազգը հպարտանում է իր պատմությամբ»,- սկսում է իր խոսքը հեղինակը:

 

Ռեպորտաժի սկզբում պատմվում է մայրաքաղաք Երևանի մասին. հեղինակը նկատում է, որ «23 տարվա անկախության պատմություն ունեցող փոքրիկ այս քաղաքը նոր է սկսել մոռացության մատնել իր խորհրդային անցյալը»: Երևանաբնակ երիտասարդության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար ներկայացվում է AEON Café սրճարանը, որտեղ հիմնականում շաբաթ երեկոյան հավաքվում են լայն աշխարհայացքի տեր ուսանողները` միմյանց հետ շփվելու, զվարճանալու ու հանգստանալու համար: Այնուհետև անդրադարձ է կատարվում TUMO տեխնոլոգիական կենտրոնին, որը, ըստ հեղինակի, «հեղափոխական մի դպրոց էր, որն ամբողջությամբ տակնուվրա արեց Հայաստանի կրթական համակարգը»: Նա նկատում է, որ «բնական պաշարներից զուրկ և տնտեսական դժվարություններ ունեցող երկիրը կարող է իր զարգացման հույսը դնել ուղեղների վրա, իսկ այդ հարցում TUMO-ի ունեցած ներդրումը շատ մեծ է»: Հեղինակն այցելում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ընդգծելով, որ «Հայաստանի հոգին հասկանալու համար պետք է նախևառաջ այստեղ գալ»: Նա ներկայացնում է մի շարք ուշագրավ պատմական փաստեր Հայաստանի վերաբերյալ` հիշեցնելով, որ «հայերն առաջինն են աշխարհում քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն»: Հեղինակը նկատում է, որ «դարեր շարունակ հայ ժողովրդին համախմբող ուժը հենց եկեղեցին է եղել»: Նա նաև պատմում է 13-րդ դարի ճարտարապետական հրաշք` Գեղարդի վանական համալիրի մասին: Ռեպորտաժի պատրաստման ընթացքում հեղինակը պատմում է նաև ավանդական հայկական «նախաճաշ» խաշի մասին` հնարավորություն ունենալով անձամբ փորձել այդ կերակրատեսակը: Ի դեպ, հեղինակը խաշը ճաշակում է ArmComedy երգիծական հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հետ: Վերջինի խոսքերով, «խաշ ուտելն իսկական ծիսակարգ է»: Հեղինակը եզրափակում է իր ռեպորտաժը` ընդգծելով, որ «Հայաստանում աշխատելու ընթացքում իրեն հանդիպած, գրեթե, յուրաքանչյուր մարդը ունեցել է մեծ սիրտ ու շատ հյուրընկալ վերաբերմունք է ցուցաբերել»:

Դիտել այս հղումով: http://www.tert.am/am/news/2014/12/20/cnn/1541773

 Սեղմել այստեղ