ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

01/06/2021- ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ, 2021 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 9-ը կիրականացնի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը։

Այն կազմակերպվում է առաջին անգամ և նպատակ ունի աջակցել Սփյուռքի այն երիտասարդներին, ովքեր ներգրավված են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացներում և աշխատանքներ են տանում համայնքային կյանքի ակտիվացման, հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որը կունենա աշխարհի տարբեր համայնքներից սփյուռքահայ երիտասարդների ընդլայնված ներկայացվածություն։

Ծրագիրը մեկամյա է։ Այն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ձեռք բերել գիտելիքներ Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական հրատապ խնդիրների մասին, միաժամանակ ընդլայնել իրենց պատկերացումները համայնքային կյանքում ներգրավվածության և հայկական շահերի պաշտպանության հարցերում։

Երիտասարդները կայցելեն Հայաստանի պատմական, մշակութային և հիշատակի վայրեր, կրթական, գիտական, տեխնոլոգիական ինստիտուտներ, նաև կմասնակցեն հասարակական, մշակութային միջոցառումների և կամավորական աշխատանքների։

Ծրագրի լեզուն հայերենն է։

Հայաստանում երկշաբաթյա ուսուցում անցնելու ավարտին երիտասարդները կմասնակցեն նաև Երիտասարդական ֆորումի, որի ընթացքում նրանք միասին կմշակեն երիտասարդական քաղաքականության փաստաթուղթ` Սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև համագործակցության կայուն շրջանակ ձևավորելու համար:

Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։

Մասնակիցները Հայաստանում կգտնվեն 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես` տեղի և միջազգային լրատվամիջոցներում Հայաստանի վերաբերյալ մեդիա կոնտենտների հրապարակումներ, համայնքային հանդիպումներ, իրազեկում հայրենադարձության ընթացակարգի, գրասենյակի ծրագրերի մասին և այլն։

Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու տուրիստական ապահովագրություն։

Կազմակերպիչներն ապահովելու են մասնակիցների`

  •  երկշաբաթյա կեցությունը Հայաստանում,
  • օրական երեքանգամյա սնունդը,
  • թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր այցելությունների մուտքը,
  • տեղափոխման ծախսերը:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր`

  • առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում,
  • Սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են,
  • տիրապետում են հայերենին,
  • ցանկություն ունեն ներդրում ունենալու Հայաստանի շահերն առաջ տանելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ամրապնդելու գործում,
  • ունեն մեդիա կոնտենտ գրելու փորձառություն (ցանկալի է)։

Ընտրված երիտասարդները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի երիտասարդ դեսպաններ, ովքեր կներկայացնեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպվող ֆորումներում, երիտասարդական խմբերում և մասնագիտական ցանցերում` հանդես գալով որպես կապող օղակ Հայրենիքի և համայնքների միջև։ Նրանք ակտիվորեն կպահպանեն փոխադարձ կապը համապատասխան էլեկտրոնային հարթակների միջոցով` ապահովելով մասնակիցների ներգավվածությունը և հաղորդակցումը ծրագրի ընթացքում։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հայտադիմումների ընդունման մեկնարկը կտրվի 2021 թ. հունիսի 1-ին. վերջնաժամկետը`  հունիսի 25-ն է (Երևանի ժամանակով` ժ.00:00-ն ):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումին պետք է կցված լինեն դիմողի ինքնակենսագրականը (CV) և ծրագրին մասնակցելու մոտիվացիոն նամակը, ինչպես նաև պետք է տրամադրվեն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր Սփյուռքի համայնքային առաջնորդներ կամ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ են:

Խնդրում ենք բոլոր նյութերը, այդ թվում և հայտադիմումը լրացնել և ներկայացնել մեկ լեզվով (հայերեն/ռուսերեն/անգլերեն)։

Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմելու համար կարող եք սեղմել այստեղ։ 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել +374 10 515525, +374 43031092 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին: