ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի տարագրությունը, մասնավորապես, 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից հետո, հանգեցրեց աշխարհում ամենուր համայնքների ձևավորմանը: Բելգիան՝ հավատարիմ իր մարդասիրական կոչմանը, 1920թ. հնարավորություն ընձեռեց ստեղծելու այնպիսի համայնք, որն աչքի ընկավ իր միասնականությամբ և հյուընկալող երկրի հանդեպ հարմարվողականությամբ: 

1922թ. համայնքի բոլոր անդամների համար պարտադիր կանոնադրության ընդունումը Բելգիայի հայ համայնքի օրինակելի վարքագծի ևս մեկ դրսևորում է: 

Համայնքի անդամների մեծամասնության կողմից Բելգիայի քաղաքացիության ձեռքբերումը և բնակության իրավունք ստացած մարդկանց երախտիքի զգացումը Բելգիայի հանդեպ չեն բացառում, սակայն, սեփական մշակութային ժառանգությունը պահպանելու կամքը: Սույն հաստատակամությունը բնորոշ է իրենց ուրույն մշակութային ծագմանը գիտակից ազգային փոքրամասնություններին և, որևէ կերպ չի հակադրվում արդար և պատասխանատու քաղաքացի լինելու փաստին՝ դրանից բխող պարտականություններով և պարտավորություններով հանդերձ: 

1922թ. կանոնադրության համապատասխանեցման առիթով, որը վերանայվել է 1952, 1981, 1987, 1991, 1995 և 2013 թվականներին, առավել քան երբևէ հարկ է ընդգծել համայնքի անքակտելի միասնականությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ միակ արդյունավետ եղանակը շարունակելու մշակութային պահպանության գործը և ապահովելու համայնքի ներկայացվածությունն ինչպես երկրի իշխանությունների, այնպես էլ Հայաստանի և հայկական կառույցների շրջանում:   

Ներկայացուցիչների վեհաժողովի կողմից 2017թ. դեկտեմբերի 21-ին, 2018թ. հուլիսի 5-ին և 2022թ. հունվարի 19-ին փոփոխված կանոնադրության սույն տեքստը համապատասխանում է վերոգրյալ  նպատակին և Բելգիայի հայ համայնքի առավել մեծ ներկայացուցչականություն ապահովելու խնդրին: Սույն նպատակները համարվում են հիմնարար: 

I. ԿԱԶՄ

Հոդված 1 

Բելգիայի հայ համայնքը բաղկացած է Բելգիայում բնակություն հաստատած հայկական ծագում ունեցող բոլոր անձանցից՝ անկախ նրանց քաղաքացիությունից, և կողակցից:  

Սույն կանոնադրության համաձայն, հայկական ծագում ունեցող համարվում է ցանկացած անձ, ում նախնիները ևս ունեցել են հայկական ծագում։ 

II. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ 

Հոդված 2 

Բելգիայի հայ համայնքի առաքելությունն է՝

  1. – պահպանել և ճանաչելի դարձնել հայկական քաղաքակրթության ժառանգությունը՝ այսպիսով նպաստելով մշակութային, կրթական, մարդասիրական, սոցիալական և կրոնական ցանկացած գործողության:    
  2. – ապահովել հայ ժողովրդի հիմնարար իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, և խրախուսել ու խթանել վերը նշված առաքելությունների իրականացմանն անհրաժեշտ և օգտակար գործունեության կազմակերպումը: 
  3. – ձևավորել և ներկայացնել Բելգիայի հայ համայնքի միասնականությունն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում: 
  4. – ականջալուր լինել Բելգիայի հայ համայնքի անդամներից կազմված ցանկացած ասոցիացիայի և խթանել երկխոսությունն այդ ընկերակցությունների միջև:  
  5. – ներկայացնել Բելգիայի հայ համայնքը բելգիական և միջազգային իշխանությունների շրջանում և վստահության հարաբերություններ պահպանել վերջիններիս հետ: 
  6.  – հաստատել և պահպանել հարաբերություններ Սփյուռքի և Հայաստանի, այլ հայ համայնքների հետ՝ վերը նշված առաքելություններն իրականացնելու նպատակով: 

Համայնքին արգելվում է ցանկացած կախվածություն կամ անդամակցում որևէ կրոնական կամ աշխարհիկ կառույցին, կամ որևէ քաղաքական կուսակցության կամ շարժման գաղափարախոսությանը: Համայնքն ընդունում է, որ ներկայումս՝ Բրյուսել 1020, Գազի փ. 83 հասցեում տեղակայված համայնքային նստավայրը հանդիսանում է անշարժ գույքի հիմնադրամի բացառիկ սեփականությունը և դուրս է համայնքային հաստատությունների վերահսկողությունից:     

Հոդված 3

Բելգիայի հայ համայնքի կազմակերպման հիմքում ներկայացուցչական համակարգն է՝ 

- ընտրական մարմինը, 5-րդ հոդվածով սահմանված կարգով, իր անդամների միջից ընտրում է 6-րդ հոդվածի պայմանները բավարարող իր լիազոր ներկայացուցիչներին, որոնք ձևավորում են Ներկայացուցիչների վեհաժողովը: 

- Ներկայացուցիչների վեհաժողովը նշանակում է Բելգիայի հայերի կոմիտեի նախագահին և անդամներին, որոնք կազմում են համայնքի գործադիր մարմինը: 

III. ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ

Հոդված 4

Հայ համայնքի բոլոր ներկայացուցիչները կարող են իրենց մասին տեղեկացնել Բելգիայի հայերի կոմիտեին և, 18 տարեկանից սկսած, վճարել յուրաքանչյուր տարի հետագա գործունեության նպատակով Ներկայացուցիչների վեհաժողովի կողմից սահմանված անդամավճարը:

Անդամավճարը վճարվում է Բելգիայի հայերի կոմիտեի գանձապահին, Ներկայացուցիչների վեհաժողովի կողմից դրույքաչափը սահմանելուց հետո և ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ը՝ բացառությամբ, եթե ժամկետը Վեհաժողովի որոշմամբ չի երկարաձգվում:  

Բելգիայի համայնքային ասոցիացիաներից որևէ մեկում ներդրում կամ նվիրատվություն կատարած անդամները համարվում են անդամավճարը վճարած (տե՛ս 5-րդ և 6-րդ հոդվածները): Բելգիայի հայերի կոմիտեում կամ հայկական ասոցիացիաներում անդամավճարը վճարած անձանց ցուցակն այդ կառույցների կողմից պետք է ժամանակին (ոչ ուշ, քան ընտրություններից տաս շաբաթ առաջ) փոխանցվի Բելգիայի հայերի կոմիտեի գանձապահին: 

Արտահերթ ընտրությունների դեպքում, ցուցակը կազմվում և փոխանցվում է Բելգիայի հայերի կոմիտեի գանձապահին ընտրությունների օրվանից առնվազն տաս շաբաթ առաջ: 

Բելգիայի հայերի կոմիտեն երաշխավորում և պատասխանատվություն է կրում ընտրությունների անարգել անցկացման համար: Այն պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ կանխելու, խուսափելու և, անհրաժեշտության դեպքում, անհապաղ շտկելու ընտրական գործընթացի անխափան ընթացքը խաթարող նվազագույն իսկ խոչընդոտ: Կոմիտեն մշտապես պետք է գործի լիովին անկախ և անաչառ: Այն երաշխավորում է Ընտրական հանձնաժողովի անկախությունն ու անաչառությունը:    

IV. ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾ ԵՎ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 5

Ներկայացուցիչների վեհաժողովն ընտրվում է Բելգիայի հայ համայնքի անդամների կողմից, ովքեր՝ 

  • ընտրությունների պահին առնվազն 18 տարեկան են, 
  • ընտրություններին նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առնվազն մեկ տարի բնակվում են Բելգիայում, 
  • ընտրություններից առնվազն տաս շաբաթ առաջ գրանցվել են ընտրողների գրանցամատյանում: 

Բելգիայում հաստատված համարվում է ցանկացած անձ, ով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ 

  • բելգիական նույնականացման քարտ, 
  • դրա բացակայության դեպքում, կացության կամ ռեզիդենտ քարտ համապատասխան ժամանակահատվածի համար,  
  • դրանց բացակայության դեպքում, վավերական անձնագիր՝ ուղեկցությամբ ցանկացած փաստաթղթի, որն ապացուցում է տվյալ ժամանակահատվածում Բելգիայում բնակության փաստը, ինչպես օրինակ վարձակալության պայմանագիր, անչափահաս երեխաների ուսումնառության վկայական, ջրի/գազի/էլեկրաէներգիայի վճարման անդորրագրեր, որևէ CPAS-ում (Սոցիալական գործողության հանրային կենտրոն) գրանցում, քաղաքական ապաստանի հայտ, Բելգիա մուտքի ամսաթվի կնիքը պարունակող անձնագիր: 

 

Բելգիայում բնակության մասին որևէ վկայություն չի ընդունվի: 

Հոդված 6

Ներկայացուցիչների վեհաժողովի անդամ ընտրվելու իրավունք ունեն Բելգիայի հայ համայնքի միայն այն անդամները, ովքեր՝ 

  • ընտրությունների պահին առնվազն 21 տարեկան են, 
  • ընտրություններին նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առնվազն 4 տարի բնակվում են Բելգիայում, 
  • ընտրություններից առնվազն 10 շաբաթ առաջ Բելգիայի հայերի կոմիտեի նախագահին ծանուցել են (նամակով կամ էլեկտրոնային փոստով) թեկնածու առաջադրվելու իրենց մտադրության մասին,  
  • վճարել են յուրաքանչյուր տարվա անդամավճարը նախորդ ընտրություններից ի վեր (կամ, վճարման բացակայության դեպքում, կանոնակարգել են յուրաքանչյուր տարվա համար դրանց չվճարումը մինչև ընտրություններին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը) կամ 18 տարեկանից սկսած՝ նրանք, ում տարիքը լրացած չէր նախորդ ընտրությունների պահին, կամ վերջին ընտրություններից հետո Բելգիայում բնակություն հաստատելուց ի վեր: 

4-րդ հոդվածի պայմանները բավարարող կամ Բելգիայի հայկական համայնքային ասոցիացիաներից որևէ մեկում ներդրում (նվիրատվություն կամ անդամավճար) կատարած ցանկացած անձ համարվում է անդամավճարը վճարած: 

Բելգիայում հաստատված համարվում է ցանկացած անձ, ով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ 

  • բելգիական նույնականացման քարտ, 
  • դրա բացակայության դեպքում, կացության կամ ռեզիդենտ քարտ համապատասխան ժամանակահատվածի համար,  
  • դրանց բացակայության դեպքում, վավերական անձնագիր՝ ուղեկցությամբ ցանկացած փաստաթղթի, որն ապացուցում է տվյալ ժամանակահատվածում Բելգիայում բնակության փաստը, ինչպես օրինակ վարձակալության պայմանագիր, անչափահաս երեխաների ուսումնառության վկայական, ջրի/գազի/էլեկրաէներգիայի վճարման անդորրագրեր, որևէ CPAS-ում (Սոցիալական գործողության հանրային կենտրոն) գրանցում, քաղաքական ապաստանի հայտ, Բելգիա մուտքի ամսաթվի կնիքը պարունակող անձնագիր: 

 Բելգիայում բնակության մասին որևէ վկայություն չի ընդունվի: 

V. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎ 

Ա. Կազմը, ձևավորումը, նիստերը

Հոդված 7

Ներկայացուցիչների վեհաժողովը կազմված է 30 լիիրավ անդամից, ովքեր ընտրվում են 4 տարի ժամկետով և ունեն վերընտրվելու իրավունք: 

Հոդված 8

Ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ՝ հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ներկայացուցիչների վեհաժողովն իրավասու է Վեհաժողովը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացնել: 

Ընտրությունների օրը նշանակում է Ներկայացուցիչների վեհաժողովի բյուրոն՝ Ընտրական հանձնաժողովի հետ համաձայնեցված: 

Ընտրություններն անցկացվում են VII գլխում սահմանված ընթացակարգով: 

Հոդված 9

Ներկայացուցիչների վեհաժողովը բյուրոյի հրավերով գումարվում է տարեկան նվազագույնը երեք անգամ, որոնցից մեկն առնվազն մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը: 

Հոդված 10

Ներկայացուցիչների վեհաժողովի նախագահը կամ, վերջինիս բացակայության դեպքում, փոխնախագահը սեփական նախաձեռնությամբ կամ բյուրոյի որևէ անդամի, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահի, Բելգիայի հայերի կոմիտեի առնվազն չորս անդամի կամ էլ Ներկայացուցիչների վեհաժողովի անդամների առնվազն 1/5-ի պահանջով գումարում է Վեհաժողովի արտահերթ նիստ: 

Հոդված 11

Անվավերությունը բացառելու նպատակով, Վեհաժողովի մասին ծանուցման մեջ նշվում է հանդիպման ամսաթիվը, վայրը և ժամը՝ հստակեցնելով օրակարգը: 

Ծանուցումներն ուղարկվում են ժողովից առնվազն 10 օրացուցային օր առաջ: 

Հոդված 12

Ներկայացուցիչների վեհաժողովն իրավաչափ գումարվում է, եթե անդամների կեսը՝ գումարած առնվազն մեկ անդամ ներկա կամ լիազորագրով ներկայացված է: 

Ներկայացուցիչների վեհաժողովը վարում է նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ փոխնախագահը կամ, առաջին երկուսի բացակայության դեպքում՝ Բյուրոյի անդամներից որևէ մեկը: 

Բելգիայի հայերի կոմիտեի անդամները, որոնք Ներկայացուցիչների վեհաժողովի անդամ չեն հանդիսանում, կարող են, առանց ձայնի իրավունքի, մասնակցել Վեհաժողովի քննարկումներին: 

Դրանից զատ, Բելգիայի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել Ներկայացուցիչների վեհաժողովի նիստերին: Ներկայացուցիչների վեհաժողովի նախագահը, ով վարում է նստաշրջանը, կարող է նրանց խոսքի հնարավորություն տրամադրել՝ պայմանով, եթե ելույթի հայտ ներկայացվում է հանդիպման մեկնարկից ոչ պակաս, քան 48 ժամ առաջ՝ հստակեցնելով խնդրո առարկան: 

Ավելին, Ներկայացուցիչների վեհաժողովը ձայների կեսի՝ գումարած ներկա կամ ներկայացված ձայներից ևս մեկի քվեարկությամբ կարող է որոշում կայացնել օրակարգի մեկ կամ մի քանի կետերով դռնփակ նիստ անցկացնելու մասին՝ բացառությամբ նախորդ պարբերությունում հիշատակված ելույթի առարկա հանդիսացող թեմաների: 

Բացակա անդամները կարող են ներկայացված լինել միմիայն լիազորագրով քվեարկելու իրավունք ստացած վստահված անձի կողմից:  

Ցանկացած լիազոր անձ պետք է լինի Ներկայացուցիչների վեհաժողովի անդամ: 

Ոչ մի անդամ չի կարող ներկայացնել մեկից ավելի լիազորագիր:  

Եթե նշված ժամին քվորում չի ապահովվում, ապա նույն օրը հրավիրվում է նոր ժողով՝ պայմանով, որ դա նախատեսված լինի օրակարգով, որում հստակեցված կլինի ժամը՝ բացառությամբ 32-րդ հոդվածով նախատեսված դեպքի:   

Հոդված 13

Բոլոր քննարկումները տեղի են ունենում փակ քվեարկությամբ, եթե ներկա կամ ներկայացված անդամները միաձայն այլ բան չեն որոշում: 

Որոշումներն ընդունվում են ներկա կամ ներկայացված անդամների ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: 

Ձայների հավասարության դեպքում, նախագահի կամ, վերջինիս բացակայության դեպքում, փոխնախագահի ձայնը որոշիչ է: 

Դատարկ կամ անվավեր քվեները հաշվի չեն առնվում: 

Բյուրոյի քարտուղարը կազմում է յուրաքանչյուր հանդիպման արձանագրության նախագիծը և մեկ ամսվա ընթացքում փոխանցում անդամներից յուրաքանչյուրին: 

Արձանագրությունը պետք է հաստատվի հաջորդ նիստի ընթացքում: 

Հոդված 14

Վեհաժողովի անդամներից որևէ մեկի գործառույթները կարող են վաղաժամկետ կասեցվել հետևյալ դեպքերում՝ 

  • Վեհաժողովի անդամը համարվում է պաշտոնաթող, եթե հրաժարականի մասին գրավոր ծանուցել է Վեհաժողովի նախագահին, ով անհապաղ ապահովել է վերջինիս փոխարինումը, 
  • Ցանկացած անդամ, ով չի վճարել իր լիազորությունների յուրաքանչյուր տարվա անդամավճարը և չի կանոնակարգել իր վճարումները, կարող է, բյուրոյի առաջարկով և Վեհաժողովի որոշմամբ, պաշտոնաթող արվել։ Ընդ որում, շահագրգիռ անձը հրավիրվում է և, ներկայանալու դեպքում, նրան արտահայտվելու հնարավորություն է ընձեռվում։ 
  • Երկու անընդմեջ նիստի ընթացքում բացակայած կամ չներկայացված ցանկացած անդամ համարվում է պաշտոնաթող։ Նրա տեղը հայտարարվում է թափուր 2-րդ բացակայությունն արձանագրելուն պես։ 
  • Վեհաժողովի նախագահը փոխարինող է նշանակում ընտրված անդամին հաջորդող թեկնածուին՝ համաձայն 27 և 28 հոդվածներով նախատեսված ընթացակարգի։ Այդ փոխարինումը հրապարակվում է Բելգիայի հայերի կոմիտեի տեղեկագրում կամ փակցվում համայնքային տարածքներում։ 

Հոդված 15

  • Բոլոր լիազորություններն իրականացվում են Ներկայացուցիչների վեհաժողովի կողմից, որը դրանց  իրագործումը հանձնարարում է Բելգիայի հայերի կոմիտեին։
  • Այդուհանդերձ, բոլոր որոշումները, որոնք Բելգիայի հայ համայնքին պարտավորեցնում են Հայաստանի, Բելգիայի պետական մարմինների, հայկական այլ համայնքների, ինչպես նաև միջազգային և հայկական կառույցների հանդեպ, գտնվում են Ներկայացուցիչների վեհաժողովի իրավասությունների շրջանակում։ 
  • Ներկայացուցիչների վեհաժողովը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը, մշակում է իր քաղաքականությունն ու նպատակները, վերահսկում է Բելգիայի հայերի կոմիտեի կողմից դրանց իրականացումը և սահմանում իր իսկ որոշած չափորոշիչների համաձայն Բելգիայի հայերի կոմիտեին վճարման ենթակա անդամավճարի դրույքաչափը։
  • Ֆինանսական տարին սկսում է հունվարի 1-ին և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին։    
  • Ներկայացուցիչների վեհաժողովը վերահսկում է Բելգիայի հայերի կոմիտեի ողջ գործունեությունը։ 
  • Վեհաժողովը կարող է ստեղծել ցանկացած հանձնաժողով, եթե օգտակար համարի։ 
  • Վեհաժողովը 4 տարի ժամկետով նշանակում է երկու հանձնակատար, որոնց առաքելությունն է ստուգել Բելգիայի հայերի կոմիտեի համար Վեհաժողովի ստեղծած հաշիվները և վերջինիս հաշվետվություն ներկայացնել։
  • Հանձնակատարների գործառույթները կարող են կասեցվել Ներկայացուցիչների Վեհաժողովի կողմից։  

VI. ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՄԻՏԵ 

Ա. Կազմը

Հոդված 16

Բելգիայի հայերի կոմիտեն կազմված է 12 անդամից, որոնք Ներկայացուցիչների վեհաժողովի կողմից ընտրվում են 4 տարի ժամկետով Բելգիայի հայ համայնքի առնվազն 21 տարին լրացած և անդամավճարները կատարած անդամներից:  

Բելգիայի հայերի կեմիտեն կարող է լուծարվել Ներկայացուցիչների վեհաժողովի որոշմամբ։ Դրանից զատ, Բելգիայի հայերի կեմիտեի նախագահը կարող է ցանկացած պահի կասեցնել Կոմիտեի մեկ կամ մի քանի անդամների լիազորությունները։   

Անկախ պատճառից, նախագահի լիազորությունների ավարտի դեպքում, նախագահի գործառույթներն ստանձնում է փոխնախագահը՝ մինչև Ներկայացուցիչների համագումարի կողմից նոր նախագահի նշանակումը։ Անկախ պատճառից, Բելգիայի հայերի կեմիտեի որևէ անդամի լիազորությունների դադարեցման դեպքում, նախագահն իրավասու է ներգրավել նոր անդամի՝ նախքան Ներկայացուցիչների համագումարի առաջիկա նիստի ընթացքում վերջինիս նշանակվելը։ 

Հոդված 17

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահն ու անդամներն ընտրվում են առանձին քվեարկությամբ։ 

Թեկնածուների առաջադրման մասին հայտարարության հիման վրա, Ներկայացուցիչների վեհաժողովն իր անդամներից որևէ մեկին գաղտնի քվեարկությամբ և ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրում է Բելգիայի հայերի կոմիտեի նախագահին։  

Եթե Բելգիայի հայերի կոմիտեի նախագահի ընտրության քվեարկությունը բացարձակ մեծամասնություն չի ապահովում, հարաբերական մեծամասնության սկզբունքով, առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների միջև կազմակերպվում է ընտրությունների երկրորդ փուլ։

Ընտրությունների և՛ առաջին, և՛ երկրորդ փուլերի արդյունքում քվեների հավասարության դեպքում, նախապատվությունը տրվում է ամենաերիտասարդ թեկնածուին։ 

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահը Ներկայացուցիչների վեհաժողովին է ներկայացնում իր ընտրած տասնմեկ թեկնածուներին, որոնք ձևավորելու են Բելգիայի հայերի կոմիտեն։ 

Այդ ցուցակը պետք է ներկայացվի Վեհաժողովի կողմից վավերացման։

Կոմիտեի թեկնածուներից առնվազն չորսը պետք է լինեն Ներկայացուցիչների վեհաժողովի անդամ։  

  • Եթե թեկնածուներից մեկը կամ մի քանիսը մերժվում է/են Ներկայացուցիչների վեհաժողովի  կողմից, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահը ներկայացնում է մեկ կամ մի քանի այլ թեկնածություն, որոնք պետք է ընտրվեն Ներկայացուցիչների վեհաժողովի գալիք նիստի ժամանակ, որը պետք է գումարվի ոչ ուշ, քան մերժումից մեկ ամիս հետո։  

 Եթե նշված ժամկետում Բելգիայի հայերի կոմիտեի անդամները չեն ընտրվում, նախագահը հրաժարական է տալիս, և Վեհաժողովը մեկ ամսվա ընթացքում գումարում է նոր նիստ՝ ընտրելու Բելգիայի հայերի կոմիտեի նախագահին և անդամներին՝ համաձայն սույն հոդվածում նշված ընթացակարգի։   

 Եթե Կոմիտեի առնվազն 8 անդամ ընտրվում են Վեհաժողովի առաջին կամ, մեկ ամիս անց կայացած, երկրորդ նիստի ընթացքում, ապա Կոմիտեն կարող է սկսել իր աշխատանքը։ Այնուամենայնիվ, եթե վերը նշված 8 անդամներին ընտրած Ներկայացուցիչների վեհաժողովի նիստին հաջորդող մեկ ամսվա ընթացքում Կոմիտեն չի համալրում իր կազմը, նախագահը և Կոմիտեն պաշտոնաթող են արվում, Վեհաժողովը մեկ ամսվա ընթացքում գումարում է նոր նիստ՝ ընտրելու համար Բելգիայի հայերի կոմիտեի նախագահին և անդամներին՝ համաձայն սույն հոդվածում նշված ընթացակարգի։   

Այսպիսով, ընտրված կոմիտեն իր ներսում բաշխում է փոխնախագահի, քարտուղարի, քարտուղարի տեղակալի և գանձապահի գարծառույթները։ 

Բ. Լիազորություններ և առաքելություն 

Հոդված 18

Բելգիայի հայերի կոմիտեի առաքելությունն է իրականացնել Ներկայացուցիչների վեհաժողովի կողմից յուրաքանչյուր տարի սահմանված քաղաքականությունն ու նպատակները։ 

Այս նպատակով Կոմիտեն կատարում է գործողություններ, որոնք օգտակար և անհրաժեշտ է համարում դրանց իրագործման համար։ 

Կառավարում է ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող Բելգիայի անշարժ գույքի հայկական ասոցիացիայի կամ Բելգիայի անշարժ գույքի հիմնադրամի կողմից իրեն տրամադրված համայնքային տարածքները։   

Ապահովում է անդամավճարների հավաքագրումը։ 

Կոմիտեն Բելգիայի հայ համայնքի բոլոր անդամներին, ովքեր տեղեկացրել են իրենց մասին, փոխանցում է կանոնադրության տեքստը, իր և Ներկայացուցիչների վեհաժողովի անդամների ցուցակները և անդամավճարի դրույքաչափը։ 

Ներկայացնում է Բելգիայի հայ համայնքը երրորդ կողմի՝ մասնավորապես, Հայաստանի, Բելգիայի պետական մարմինների, այլ հայկական համայնքների և միջազգային ու հայկական կառույցների հետ հարաբերություններում։  

Յուրաքանչյուր 4 տարին մեկ, Ներկայացուցիչների վեհաժողովի ընտրությունների անհրաժեշտությունից ելնելով, Կոմիտեն կազմում է ընտրող անդամների ցուցակը և ընտրվելու իրավունք ունեցող անդամների ցուցակը՝ այն է 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների պայմաններին համապատասխանող Բելգիայի հայ համայնքի անդամների ընտրացուցակը՝ ընտրող և/կամ ընտրվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր անդամի դեպքում ստուգելուց հետո, արդյո՞ք կանոնադրության պահանջները պատշաճ կերպով կատարվել են՝ անկախ իրեն տրված հավաստիացումներից և տրամադրված տեղեկություններից։ Ընտրացուցակի կազմման և ճշգրտության համար ողջ պատասխանատվությունը կրում է Բելգիայի հայերի կոմիտեն։ Այդ ցուցակը գաղտնի փաստաթուղթ է և չի կարող տրամադրվել երրորդ անձանց՝ բացառությամբ Ընտրական հանձնաժողովի անդամների։ 

Արտահերթ ընտրությունների դեպքում, Բելգիայի հայերի կոմիտեն կազմում է ընտրացուցակ՝ համաձայն սույն կանոնադրության և, մասնավորապես, 4-րդ հոդվածի և նախորդող պարբերության։ 

Ընտրացուցակն ունի մեկ գործառույթ՝ որոշել Բելգիայի հայ համայնքի անդամներին, ովքեր կարող են մասնակցել ընտրություններին որպես թեկնածու և/կամ ընտրող։ Այն որևէ մեկի կողմից չի կարող օգտագործվել քարոզարշավ իրականացնելու կամ որևէ թեկնածուի սատարելու համար։ 

Հոդված 19 

Բելգիայի հայերի կոմիտեն իրավասու է ստեղծել բոլոր այն հանձնաժողովները, որոնք օգտակար կհամարի 2-րդ հոդվածով սահմանված առաքելությունն իրականացնելու համար։ 

Այդ հանձնաժողովները, որոնք կարող են ունենալ սեփական բյուջեն, անմիջականորեն կախված են Կոմիտեից, որը վերահսկում է դրանց կառավարումն ու հաշիվները և այդ մասին հաշվետվություն ներկայացնում կանոնադրության 15-րդ հոդվածի 3-րդ կետում նշված Ներկայացուցիչների վեհաժողովի նիստի ընթացքում։ 

Դրանց անդամները նշանակվում և պաշտոնից հեռացվում են Բելգիայի հայերի կոմիտեի կողմից, որը հանձնաժողովների ներսում բաշխում է գործառույթները։  

Բելգիայի հայերի կոմիտեն կարող է ցանկացած պահի լուծարել այդ հանձնաժողովները, որոնց առկա գույքը կվերադարձվի Կոմիտեին։  

Գ. Գործունեություն 

Հոդված 20

Բելգիայի հայերի կոմիտեի ժողովները գումարվում են այն հաճախականությամբ, որը հարկ կհամարի նախագահը։ 

Բելգիայի հայերի կոմիտեի ցանկացած քննարկման արդյունքում կազմվում է թվակիր արձանագրություն, որի կրկնօրինակը հաստատվելուն պես տեղեկատվության կարգով անհապաղ փոխանցվում է Ներկայացուցիչների վեհաժողովի նախագահին։ 

Այդ արձնագրությունները, առանց տեղաշարժի անհրաժեշտության, հասանելի են Ներկայացուցիչների վեհաժողովի անդամներին։ 

Որոշումներն ընդունվում են ներկա կամ ներկայացված անդամների ձայների մեծամասնությամբ։ 

Ձայների հավասարության դեպքում նախագահի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, փոխնախագահի ձայնը որոշիչ է։ 

Բելգիայի հայերի կոմիտեի անդամը կարող է լիազորագիր տրամադրել Բելգիայի հայերի կոմիտեի մեկ այլ անդամի։ Բելգիայի հայերի կոմիտեի որևէ անդամի չի կարող տրամադրվել մեկից ավելի լիազորագիր։

Հոդված 21

Բելգիայի հայերի կոմիտեն կարող է, իր պատասխանատվության ներքո, կոնկրետ առաջադրանքներ հանձնարարել իր կողմից նշանակված ցանկացած անձի։ 

Հոդված 22

Յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի 15-ը կանոնադրության 15-րդ հոդվածի 3-րդ կետում նշված Ներկայացուցիչների վեհաժողովի նիստի ընթացքում Կոմիտեն ներկայացնում է իր, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող հանձնաժողովների աշխատանքների հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը։ 

Կոմիտեն նաև բարոյական և հաշվապահական հաշվետվություն է ներկայացնում համայնքային անշարժ գույքի կառավարման վերաբերյալ։ 

VII. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 23

Ընտրական հանձնաժողովը ձևավորելու համար Ներկայացուցիչների վեհաժողովի բյուրոն նշանակում է առնվազն 3 անձ։ Վերջիններս պետք է բավարարեն 6-րդ հոդվածով նախատեսված ընտրվելու իրավասության պահանջները։ Սույն հանձնաժողովը պատասխանատու է ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկողության համար։ Այն երաշխավորում է սույն կանոնադրության անվերապահ հարգումը և, մասնավորապես, ընտրական գործընթացի անկախությունն ու անաչառությունը, ինչպես նաև քվեարկության բացարձակ գաղտնիությունը։  

Հոդված 24

Ընտրությունները կազմակերպվում են հետևյալ կերպ՝ 

1°) Ընտրական հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ, քարտուղար և գանձապահ։ Ընտրական հանձնաժողովի ծախսերը հոգում է Բելգիայի հայերի կոմիտեն։ 

2°)  Բելգիայի հայերի կոմիտեն Ընտրական հանձնաժողովին փոխանցում է ընտրող անդամների ցուցակը և ընտրություններում առաջադրվելու իրավունք ունեցող անդամների ցուցակը՝ կազմված համաձայն 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների, ոչ ուշ քան ընտրություններից 6 շաբաթ առաջ։ Ընտրացուցակում 5-րդ հոդվածի պայմանները բավարարող անդամները ձևավորում են ընտրողների ցուցակը։ Ընտրացուցակում 6-րդ հոդվածի պայմանները բավարարող անդամները ձևավորում են ընտրվելու իրավունք ունեցողների ցուցակը։ 

3°) Ընտրական հանձնաժողովն ընտրությունները կազմակերպում է բացառապես Բելգիայի հայերի կոմիտեի տրամադրած ընտրող անդամների ցուցակի և ընտրվելու իրավունք ունեցող անդամների ցուցակի հիման վրա։      

Ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրվանից առնվազն 15 օրացուցային օր առաջ բոլոր ընտրողներին ուղարկում է առաջադրվելու իրավունք ունեցող թեկնածուների ցուցակը՝ իր կողմից հաստատված քվեաթերթիկի հետ միասին։     

4°) Քվեարկությունը տեղի է ունենում Ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ծանուցագրի մեջ նշված վայրում, օրը և ժամին։ 

5°) Ընտրական հանձնաժողովը կարող է բացել մի քանի ընտրատեղամաս։ Յուրաքանչյուր ընտրատեղամաս կազմված է լինում հանձնաժողովի կողմից նշանակված 3 անդամից, ովքեր բավարարում են առաջադրվելու իրավունք ունեցողների պայմանները, սակայն պարտադիր կերպով առաջադրվելու մտադրության չեն հայտնել։ Յուրաքանչյուր ընտրատեղամասում պետք է նախագահի Ընտրական հանձնաժողովի մեկ անդամ։ Նա Բելգիայի հայերի կոմիտեի հաստատած ընտրացուցակի և սույն կանոնադրությամբ պահանջվող և ընտրողի ինքնությունը, տարիքը և Բելգիայում հաստատման պայմաններն ապացուցելու նպատակով վերջինիս կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ստուգում է ընտրողների ինքնությունը։ Եթե ընտրատեղամասն անհրաժեշտ համարի, կարող է մերժել ընտրողի կարգավիճակը։ Այդ կապակցությամբ կազմվում է արձանագրություն, որի կրկնօրինակը կցվում է Ընտրական հանձնաժողովի հաշվետվությանը։        

6°) Քվեարկությունը գաղտնի է։ 

7°) Քվեարկությունն անհատական է։ Լիազորված անձի միջոցով քվեարկություն չի թույլատրվում։ 

8°) Ընտրողը կարող է քվեարկել ընտրվելու իրավունք ունեցող մեկ կամ մի քանի թեկնածուի օգտին, սակայն վերջիններիս թիվը չի կարող գերազանցել հինգը։ Ընտրողը կարող է քվեարկել միայն մեկ անգամ։ Քվեն, որը չի համապատասխանի սույն կանոնադրությանը, կճանաչվի անվավեր և կհանվի Ընտրական հանձնաժողովի կողմից։  

9°) Ընտրությանը ներկայանալ չկարողանալու դեպքում, ընտրողը կարող է, մինչև քվեարկության օրը, Ընտրական հանձնաժողովի նախագահին ուղարկել իր քվեաթերթիկը փոքրիկ, առանց տարբերակիչ նշանի փակ ծրարով՝ դրված իր անունը և ստորագրությունը կրող ծրարի մեջ։ Նախքան քվեարկության ավարտը, նախագահը հանձնաժողովի մյուս երկու անդամների ներկայությամբ, բացում է առաջին ծրարը և քվեատուփի մեջ գցում փոքր ծրարը։   

Ընտրատեղամասում, մուտքի մոտ կամ դրա մերձակայքում որևէ ընտրական քարոզչություն կամ գովազդ չի թույլատրվում։   

Հոդված 25

Ընտրական հանձնաժողովը նույն օրը կիրականացնի քվեների հաշվարկ, որոնց արդյունքները կփակցվեն համայնքային տարածքներում։ 

Թեկնածուների ցուցակում ընդգրկված ընտրողին ընտրատեղամասի կողմից հեռացնելու դեպքում, հանձնաժողովը ծանոթանում է ընտրատեղամասի զեկույցին և, կայացված որոշումը հաստատելու դեպքում, հաշվի չի առնում այդ թեկնածուի արդյունքները։   

Հոդված 26

Վերջին տեղի համար քվեների հավասարության դեպքում, ընտրվում է ամենաերիտասարդ անդամը։ 

Հոդված 27

Քվեարկության ավարտից հետո եռօրյա ժամկետում, Ընտրական հանձաժողովի նախագահը քվեարկության արդյունքները փոխանցում է Ներկայացուցիչների վեհաժողովի հեռացող նախագահին։ Բացի այդ, նամակով կամ էլեկտրոնային փոստով, յուրաքանչյուր անդամի ծանուցում է վերջինիս  ընտրվելու մասին։ 

Համարվում է, որ ընտրված անդամն ընդունել է իր մանդատը, եթե 5 աշխատանքային օրվա ընթացքում Ընտրական հանձնաժողովի նախագահին չի ծանուցում իր մերժման մասին։  

Հոդված 28

Հրաժարվելու դեպքում, ընտրված անդամներին հաջորդող թեկնածուներին հաջորդաբար կառաջադրվի փոխարինել ընտրված անդամին՝ մինչև բաշխվեն բոլոր տեղերը:

Հոդված 29

Մանդատների բաշխմանը հաջորդող 48 ժամվա ընթացքում, Ընտրական հանձնաժողովի նախագահը Ներկայացուցիչների վեհաժողովի նախագահին է փոխանցում ընտրված անդամների և նրանց փոխարինողների ցանկը։   

Հոդված 30

Ներկայացուցիչների նոր վեհաժողովի նիստը գումարվում է Ներկայացուցիչների վեհաժողովի նախկին նախագահի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, փոխնախագահի հրավերով և ընտրված անդամներից ամենատարեցի նախագահությամբ, դրա վերջնական ձևավորմանը հաջորդող առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում։  

Ընտրված ամենաերիտասարդ անդամը ստանձնում է քարտուղարի գործառույթները։ 

Ընտրական հանձնաժողովն իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում։ 

Ընտրությունների անցկացումից և արդյունքների ճշգրտությունը ստուգելուց հետո, Վեհաժողովն Ընտրական հանձնաժողովին ազատում է պարտավորություններից։ 

Այնուհետև, ամենատարեց անդամը մյուս անդամներին ծանոթացնում է համայնքի կանոնադրությանը։ Վերջիններս պատվով անհատապես պարտավորվում են հարգել այն։  

Հոդված 31 

Ներկայացուցիչների վեհաժողովի նախկին բյուրոն հաշվետվություն է ներկայացնում  նախորդ 4 տարիների աշխատանքի վերաբերյալ։  

Այնուհետև, Ներկայացուցիչների նոր վեհաժողովն իր կազմից ընտրում է նախագահ, փոխնախագահ, քարտուղար և քարտուղարի տեղակալ, որոնք միասին ձևավորում են Ներկայացուցիչների վեհաժողովի բյուրոն։ Նախագահն ընտրվում է թեկնածությունների առաջադրման հայտարարության հիման վրա՝ առանձին և գաղտնի քվեարկությամբ։ Ընտրվում է ներկա և ներկայացված անդամների ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն։ Փոխնախագահը, քարտուղարը և քարտուղարի տեղակալն ընտրվում են, յուրաքանչյուրն իր հերթին, առանձին և գաղտնի քվեարկությամբ՝ ձայների հարաբերական մեծամասնությամբ։  

Ներկայացուցիչների վեհաժողովի նոր բյուրոն անմիջապես ստանձնում է գործառույթները։ 

Այնուհետև, իր քաղաքականությունն ու նպատակերը սահմանելուց հետո, Ներկայացուցիչների վեհաժողովն ընտրում է Բելգիայի հայերի կոմիտեն՝ համաձայն 17-րդ հոդվածով սահմանված կարգի։ 

VIII. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 

Հոդված 32 

Սույն կանոնադրությունը կարող է ամբողջությամբ կամ մասամբ փոփոխվել Ներկայացուցիչների վեհաժողովի կողմից, որը նվազագույնը 3 շաբաթ առաջ պատշաճ կերպով հրավիրվում է պատվիրված նամակով կամ ստացման մասին ծանուցող ցանկացած այլ եղանակով՝ օրակարգում նշելով փոփոխման համար առաջարկվող հոդվածները և փոխարինման տեքստի նախագիծը։  

Առաջարկվող փոփոխության կամ փոփոխությունների շուրջ քննարկումները վավերական են, եթե ներկա կամ ներկայացված է անդամների առնվազն ¾-ը։ Կանոնադրության փոփոխությունն ընդունվում է այն դեպքում միայն, եթե դրա օգտին քվեարկում են ներկա կամ ներկայացված առնվազն 20 անդամ։ 

Եթե առաջին նիստի ժամանակ քվորում չի ապահովվում, ապա նույն կարգով և ժամկետներում հրավիրվում է երկրորդ նիստը, որը կարող է քննարկումներ ծավալել անդամների առնվազն 2/3-ի ներկա կամ ներկայացված լինելու դեպքում միայն։ Կանոնադրության փոփոխությունն ընդունվում է միայն այն դեպքում, եթե ստանում է ներկա կամ ներկայացված անդամների ձայներից առնվազն 18-ը։   

Քննարկումները ծավալվում են հոդված առ հոդված։ 

Հոդված 33 

Ֆրանսերեն տարբերակը գերակա է հոլադերեն և հայերեն տարբերակների նկատմամբ։