ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: Ծրագրի նպատակն է' աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրն այս տարի մեկնարկում է հունիսի 14-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 29-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր):

 

Սփյուռքահայ 13-18 տարեկան երիտասարդները կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, կմասնակցեն ծրագրի ճամբարային փուլին: Կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին: Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:

Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից' տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաև անհատապես:

Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով: «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ, այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Շնորհակալություն ենք հայտնում «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրին մասնակցելու քո ցանկության համար: Այցելելով Հայաստան և մասնակցելով «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրին' դու հնարավորություն կունենաս ծանոթանալու քո Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմությանը, մշակույթին, 9 օր ապրել հայաստանյան ընտանիքում և ձեռք բերել ընկերներ: Քեզ համար կկազմակերպվեն հայոց լեզվի դասեր, «Արի տուն» ճամբար, ուր կանցկացնես քո քառօրյա հանգիստը և կսովորես ազգային երգ ու պար: Հայկական օջախի դռները միշտ բաց են քո առջև: Մասնակցելով այս ծրագրին՝ դու կտեսնես քո Հայաստան հայրենիքը, նրա գեղատեսիլ բնությունը, առավել կճանաչես քո հայկական արմատները:

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրին մասնակցության

1.Ծրագրի մասնակիցը (հյուրընկալվողը) պետք է - լինի 13-18 տարեկան, - նախկինում մասնակցած չլինի «Արի տուն» ծրագրին, - հոգա Հայաստան և հետադարձ այցելության ճանապարհածախսը, - ներկայացնի մեկ լրացված հայտադիմում, մեկ լուսանկար' փակցված էջի վերին աջ անկյունում, ինչպես նաև անձնագրի պատճենը, - ժամանելուց ներկայացնի առողջության մասին բժշկի կողմից տրված տեղեկանք (ստորագրված, կնքված):

2.Հայտադիմումի և կից փաստաթղթերի ներկայացման կարգը Հայտադիմումը կարող եք ներբեռնել www.mindiaspora.am և www.aritun.am կայքերից, փակցնել նկարը, լրացնել և ստորագրել: Լրացված հայտադիմումը և անձնագրի պատճենը պետք է ուղարկել տվյալ տարածքում համայնքային կառույց (կրթական, մշակութային, եկեղեցական, մարզական, լրատվական, հասարակական, այլ) կամ ՀՀ սփյուռքի նախարարություն' փոստով, հեռապատճենով կամ էլ. փոստով (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ )' լուսապատճենված (scan): Հայտադիմումը ներկայացնելու վերջնաժամկետն է յուրաքանչյուր փուլի սկսվելուց առնվազն 20 օր առաջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչություն

Հասցե' ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 26/1,

Հեռ.' (+37410) 58-56-01 (112)

Էլ. փոստ' Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ