Ապրիլի 15-ի Բրյուսելյան երեկոն լեցուն էր հայկական ելևէջներով։ Բելգիայի մայրաքաղաքի հայտնի համերգասրահներից մեկում ելույթ էր ունենում երգիչ Արամ MP3-ն։ Համավարակից հետո սա երգչի առաջին համերգն էր Եվրոպայում: Եվ համերգի առաջին հնչյուներից հետո հասկանալի էր,որ համերգին անհամբեր սպասում էին երկուստեք թ՛ե հանդիսատեսը և թ՛ե երգիչը։
Ինչպես և սպասվում էր համերգն անցավ շատ ջերմ և դինամիկ մթնոլորտում։ Համերգի բացումն ազդարարեց երիտասարդ երգչուհի Հասմիկ Շիրինյանը, որը 2021 թվականին մասնակցել էր Բելգիայի ձայնը նախագծին։ Իսկ երբ արդեն բեմ բարձրացավ Արամ MP3-ն դահլիճը պարզապես պայթեց: Երկրորդ երգից հետո հանդիսատեսը ոտքի վրա էր և այդպես էլ մնաց մինչև վերջ ։ Պարզ էր արդեն, որ Արամ MP3-ն նույնքան սիրված և սպասված է Բրյուսելում, որքան Երևանում և հայկական սփյուռքի բոլոր համայնքներում։
Համերգը բարեգործական էր և կազմակերեպվել էր «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» (SOAR) Բրյուսելյան գրասենյակի կողմից՝ Բելգիայի Հայերի կոմիտեի աջակցությամբ։
Ինչպես նշեց միության Բրյուսեյան գրասենյակի նախագահ Լիլիթ Ղուկասյանը, համերգից գոյացած հասույթն ուղղվելու է Երևանում գործող օրիորդաց անցումային կենտրոնին։ Օրիորդաց անցումային կենտրոնում ապրում են դեռահաս աղջիկներ, ովքեր արդեն դուրս են եկել մանկատներից՝ 18ը բոլորելուն պես, սակայն դեռ պատրաստ չեն, հնարավորություն չունեն միայնակ ապրել: Կենտրոնն նրանց հնարավորություն է տալիս կրթվել, դառնալ անկախ https://www.soar-us.org/transitional-center-yerevan/ Լիլիթը տարեկան մի քանի նմանատիպ միջոցառուներ է կազմակերպում և գոյացած միջոցներն ուղղում SOAR-ի տարբեր բարոգործական ծրագրերին։
Իսկ Բելգիական համայնքը շատ լրջորեն էր պատրաստվել երգչին ընդունելուն։ Ապրիլի 13-ին Արամին և նրա ընկերներին ընդունեց Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Քլոզը։ Հանդիպմանը ներկա էր նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար տիկին Աննա Աղաջանյանը։ Զրուցեցին տարբեր թեմաներից, ընդ որում նաև քաղաքականությունից։ Այս հանդիպումը կայացավ ի շնորհիվ գործարար Յանիկ Քալանթարյանի, որը Բելգիայի հայկական համայնքի կարևորագույն անդամներից մեկն է, ինչպես նաև հանդիսանում է Բելգիայի թագավորությունում Վրաստանի պատվավոր հյուպատոսը։
Իսկ նույն օրվա երեկոյան տրվեց բարոգործական ընթրիք Արամի և ընկերների մասնակցությամբ, որից առաջացած հասույթը ևս փոխանցվեց SOAR-ի ծրագրերին։
Բրյուսելի համերգից հետո Արամ MP3-ն մեկնեց Փարիզ, որտեղ ապրիլի 17-կայացավ նրա համերգը La Cigalle համերգասրահում։
Արմինե Հարեյան
Բելգիայի հայերի կոմիտեի
մամլո պատասխանատու