diaspora

03/05/2020- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

«Սփյուռքը կապի մեջ է» ծրագրի հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների տասնյակ ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ համառոտ կերպով ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայում գործում են 50 հայկական կազմակերպություններ, և ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց համայնքի կազմակերպվածությունն ու օրինակելի համախմբվածությունը: Այնուհետ հանձնակատարն անդրադարձավ կորոնավիրուսի հետևաքնով Հայաստանում տիրող իրավիճակին, սահմանափակումներին, տնտեսական և սոցիալական միջոցառումներին: Ներկայացնելով գրասենյակի ծրագրերն ու հնարավոր փոփոխությունները՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ «Քայլ դեպի տուն», երիտասարդ առաջնորդների ծրագրերի իրագործումը կասկածի տակ է, չեղարկվել են մի շարք համայնքային այցելություններ, համաժողովները հավանաբար կանցկացվեն առցանց ձևաչափով: Սփյուռքի մասնագետների «իԳործ» ծրագիրը կմերկնարկի սեպտեմբերից, Հայաստանի պետական համակարգում աշխատելու համար դիմել է 800 մասնագետ: Գլխավոր հանձնակատարն անդրադարձավ նաև գրասենյակի նպատակներին՝ Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրացումը, առավելագույն փոխներգրավումը, հայրենադարձության համար նախապայմանների ստեղծումը, ներդրումների խթանումն ու ներդրումային դաշտի բարելավումը:

Այնուհետև համայնքային ներկայացուցիչները տասնյակ հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին, որոնք մասնավորապես վերաբերում էին մասսայական, մասնագիտական և ֆորսմաժորային հայրենադարձությանը, համապատասխան օրենքի և ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, հայրենադարձվողներին տրամադրվող մաքսային արտոնություններին, ներդրումային աջակցությանը, հայապահպանությանը:
Հարցին՝ արդյո՞ք այժմ սփյուռքի հետ աշխատանքն առավելապես հայաստանակենտրոն չէ, Զարեհ Սինանյանը նշեց, որ հզոր Հայաստանը սփյուռքի երկարակեցության գրավականն է, և ուժեղ պետականության պայմաններում սփյուռքն ավելի քիչ խնդիրների կբախվի:

Ինչ վերաբերում է արևմտահայերենի պահպանմանը, հանձնակատարն ընդգծեց՝ արևմտահայերենը լայնորեն պետք է դասավանդվի նաև Հայաստանում, և հայրենիքը պիտի դառնա արևմտահայերենի ուսուցանման կենտրոն: